[go: up one dir, main page]

Jump to content

Տիբեթյան լեռնաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբեթյան լեռնաշխարհը տիեզերքից

Տիբեթյան (Տիբեթի) լեռնաշխարհ կամ Տիբեթյան բարձրավանդակ ( չինարեն հեշտ. 青藏高原 , պինին: Qīngzàng Gāoyuán), աշխարհում ամենաբարձրն ու ամենամեծն է։ Գտնվում է Կենտրոնական Ասիայի հարավում, գրեթե ամբողջությամբ տարածվում է Չինաստանում։ Լեռնաշխարհի մակերեսը շուրջ 2 միլիոն կմ² է։

Հյուսիսից և հյուսիս-արևելքից Տիբեթյան լեռնաշխարհը շրջափակում են Կունլունի լեռները, հարավից և հարավ-արևմուտքից՝ Հիմալայան լեռները, հյուսիս-արևմուտքից՝ Կարակորումի լեռները։

Ծովի մակերևույթից Տիբեթի լեռնաշխարհի միջին բարձրությունը 4,5 կմ է, առանձին լեռնաշղթաների բարձրությունը հասնում է 6 - 7 կմ-ի։ Լեռնաշխարհի արևմտյան մասը, որն ավելի բարձր է և անապատային, տարբերվում է մակերևույթի հարթ գծագրությամբ։ Լեռնաշղթաները որոշ չափով բարձր են շրջապատի տեղանքից։ Կազմված է կրաքարերից, ավազաքարերից, կավային թերթաքարերից, քվարցիտներից և այլն։ Առավել հզոր ծալքավորումները տեղի են ունեցել վերին կայնոզոյում, ձևավորվել Տիբեթի բարձարավանդակի ժամանակակից ռելիեֆը։ Օգտակար հանածոներից կան ոսկու ցրոններ, կասիտերիտ, բազմամետաղներ, քարածուխ, անհոսք լճերում՝ բորակի և սոդայի պաշարներ։ Կլիման այստեղ չորային է ու ցուրտ, ձմռանը սառնամանիքները երբեմն հասնում են -30 -35 °C-ի։ Ամռանը հաճախ լինում են ուժեղ մրրիկներ, որոնք օդը լցնում են փոշու և ավազի ամպերով։ Այստեղ կան ոչ մեծ անհոսք աղի լճեր։ Ծառեր չկան, աճում են կոշտ խոտերի ցածր թփեր։ Գրեթե անմարդաբնակ այս վայրերում կարելի է տեսնել վայրի յակերի մեծ նախիրներ, ինչպոս նաև այծքաղներ, կուլաններ, լեռնային ոչխարներ։ Խոր բներում ապրում են արջամկներ, ծվծվաններ, որոնցով սնվում է ծվծվակեր արջը։

Տիբեթյան լեռնաշխարհը

Լեռնաշխարհի հարավային մասում տարածվում են Ինդոս և Բրահմապուտրա գետերի վերին հոսանքների հովիտները։ Այդ շրջաններում ձմեռն անհամեմատ ավելի տաք է (մետավորապես 0 °C), շատ ուժեղ սառնամանիքներ չեն լինում։ Ամռան միջին ջերմաստիճանը բարձր է +15 °C-ից, տեղումներ ավելի շատ են լինում։ Գետերի երկարությամբ երևում են ծառեր։ Այս վայրերում պատահում են ընձառյուծներ, հիմալայան սև արջեր։ Հովիտների որոշ մասերում ցանում են գարի, ցորեն, սիսեռ։ Այստեղ է գտնվում Տիբեթի գլխավոր քաղաք Լհասան` բուդդայական վանականների կրոնական կենտրոնը։

Ջերմաստիճանի օրական կտրուկ տատանումների հետևանքով հաճախակի են փոշոտ փոթորիկները։ Բարձրավանդակի մեծ մասում տարեկան տեղումները 100–200 մ են (մեծ մասը ձյան ձևով), ծայրամասերում՝ մինչև 500 մմ, հարավում, մուսսոնների ազդեցությամբ, մինչև 700—1000 մմ։ Չոր կլիմայի ազդեցության հետևանքով ձյան գիծը Չանգթանում գտնվում է մոտ 6000 մ բարձրության վրա, ծայրամասերում այն իջնում է մինչև 5000-5500 մ։ Տիբեթի բարձարավանդակի ներքին մասերում գետերը կարճ են, արտաքին ելք չունեն, եզրերում գտնվում են հարավասիական խոշոր գետերի (Հուանհե, Յանցզի, Մեկոնգ, Սալուին, Բրահմապուտրա, Ինդոս) վերին հոսանքները, որոնք ունեն բուռն ընթացք և էներգիայի մեծ պաշար։ Կան բազմաթիվ ծանծաղ և աղի լճեր (Նամցո, Սելինգ, Դանգրայում), որոնք սառցակալում են նոյեմբերից մայիս։

Լեռնաշխարհի արևելյան մասը կտրատված է խոր կիրճերով, լեռներից սրընթաց դեպի ներքև հոսող Հուանհե, Յանցզի, Մեկոնգ և այլ գետերի հովիտներով։ Այս հովիտներով այստեղ թափանցող մուսսոնները իրենց հետ բերում են առատ տեղումներ։ Աճում է խիտ բուսականություն, լեռների լանջերը ծածկված են եղևնու և եղևենու անտառներով։ Ավելի ներքև, լեռների լանջերում և հովիտներում, աճում են հնդկական սոճիներ, կաղնիներ, կղբիներ։ Անտառներում կան վագրեր, հովազներ, արջեր, կապիկներ։

Տիբեթյան լեռնաշխարհում բնակչությունը նոսր է։ Հյուսիսային մասերում ապրում են տիբեթցիները` քոչվոր անասնապահները, հարավի հովիտներում՝ հողագործները։ Արագորեն աճում է չինացիների թիվը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 694
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբեթյան լեռնաշխարհ» հոդվածին։