Հումանիտար գիտություններ
Հումանիտար գիտություններ, ակադեմիական գիտության ճյուղեր, որոնք ուսումնասիրում են մարդկային հասարակության և մշակույթի ասպեկտները։ Վերածննդի ժամանակաշրջանում այս տերմինը հակադրվել է աստվածաբանությանը և վերաբերել է այն բանին, ինչն այժմ կոչվում է դասականություն՝ ժամանակի համալսարաններում աշխարհիկ ուսուցման հիմնական շրջանը։ Այսօր հումանիտար գիտությունները գնալով ավելի հաճախ են հակադրվում բնական, երբեմն էլ հասարակական գիտություններին[1]։
Հումանիտար գիտությունները օգտագործում են այն մեթոդները, որոնք հիմնականում քննադատական[2] կամ սպեկուլյատիվ են և ունեն զգալի պատմական տարր[3], ի տարբերություն բնական գիտությունների հիմնականում էմպիրիկ մոտեցումներին[3]։ Հումանիտար գիտությունները ներառում են հնագույն և ժամանակակից լեզուների, գրականության, փիլիսոփայության, պատմության, հնագիտության, մարդաբանության, մարդու աշխարհագրության, իրավունքի, քաղաքականության, կրոնի[4] և արվեստի ուսումնասիրությունը[5]։
Հումանիտար գիտությունների ոլորտի գիտնականները կոչվում են «հումանիտար գիտնականներ» կամ «հումանիստներ»[6]։ «Հումանիստ» տերմինը նաև նկարագրում է հումանիզմի փիլիսոփայական դիրքորոշումը, որը մերժում են հումանիտար գիտությունների բնագավառում որոշ «հակահումանիստական» գիտնականներ։ Վերածննդի դարաշրջանի գիտնականներն ու նկարիչները նույնպես կոչվել են հումանիստներ։ Որոշ ավագ դպրոցներ առաջարկում են հումանիտար դասեր, որոնք ընդհանուր առմամբ բաղկացած են գրականությունից, գլոբալ ուսումնասիրություններից և արվեստից։
Այնպիսի հումանիտար գիտություններ, ինչպիսիք են պատմությունը, բանահյուսությունը և մշակութային մարդաբանությունը, ուսումնասիրում են այն առարկաները, որոնց նկատմամբ կիրառելի չէ մանիպուլյատիվ փորձարարական մեթոդը, դրա փոխարեն հիմնականում օգտագործում են համեմատական մեթոդը[7] և համեմատական հետազոտությունները։
Ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդաբանությունն ամբողջական «գիտություն է մարդու մասին»։ Այս ոլորտը զբաղվում է սոցիալական գիտությունների, հումանիտար գիտությունների և մարդու կենսաբանության տարբեր տեսակետների ներառմամբ։ 20-րդ դարում ակադեմիական գիտությունները հաճախ ինստիտուցիոնալ բաժանվել են երեք ծավալուն կատեգորիաների․
- Բնական գիտությունները ձգտում են ընդհանուր օրենքներ սահմանել վերարտադրվող և փորձարկվող փորձերի միջոցով։
- Հումանիտար գիտությունները սովորաբար ուսումնասիրում են տեղական ավանդույթները՝ պատմության, գրականության, երաժշտության և արվեստի միջոցով՝ շեշտը դնելով կոնկրետ անձանց, իրադարձությունները կամ դարաշրջանները հասկանալու վրա։
- Հասարակական գիտությունները սովորաբար փորձել են գիտական մեթոդներ մշակել՝ սոցիալական ֆենոմենները ընդհանրացնող ձևով հասկանալու համար։ Դա սովորաբար արվում էր բնական գիտությունների մեթոդներից տարբերվող մեթոդների միջոցով։
Մարդաբանական սոցիալական գիտությունները հաճախ մշակում են մանրամասն նկարագրություններ, այլ ոչ թե ընդհանուր օրենքներ, որոնք ձեռք են բերվել ֆիզիկայի կամ քիմիայի մեջ։ Դրանք կարող են բացատրել նաև առանձին դեպքեր՝ օգտագործելով ավելի ընդհանուր սկզբունքներ, ինչպես հոգեբանության բազմաթիվ ոլորտներում։ Մարդաբանությունը (ինչպես պատմության որոշ ոլորտներ) հեշտ չի տեղավորվում այդ կատեգորիաներից որևէ մեկում և մարդաբանության տարբեր ճյուղերը հենվում են դրանցից մեկի կամ մի քանիսի վրա[9]։ ԱՄՆ-ում մարդաբանությունը բաժանվում է չորս ենթաճյուղերի՝ հնագիտություն, ֆիզիկական կամ կենսաբանական մարդաբանություն, մարդաբանական լեզվաբանություն և մշակութային մարդաբանություն։ Սա այն ոլորտն է, որն առաջարկվում է շատ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Էրիկ Վուլֆը սոցիոմշակութային մարդաբանությունը նկարագրել է որպես «հումանիտար գիտություններից ամենագիտականը և գիտություններից ամենահումանիտարը» (անգլ.՝ the most scientific of the humanities, and the most humanistic of the sciences):
Մարդաբանության նպատակն է ամբողջական պատկերացում տալ մարդու և նրա բնույթի մասին։ Սա նշանակում է, որ չնայած մարդաբանները սովորաբար մասնագիտանում են միայն մեկ ոլորտում, նրանք միշտ հաշվի են առնում ցանկացած խնդրի կենսաբանական, լեզվաբանական, պատմական և մշակութային տեսակետները[10]։
1990-ական և 2000-ական թվականներին կոչեր են հնչել հստակեցնելու, թե ինչ է իրենից ներկայացնում մշակույթը, որտեղից դիտորդը կարող է իմանալ, թե որտեղ է ավարտվում իր սեփական մշակույթը և սկսվում մեկ այլը, և այլ կարևոր թեմաներ գրավոր մարդաբանության մեջ։ Կարելի է դիտարկել բոլոր մարդկային մշակույթները որպես մի մեծ, զարգացող գլոբալ մշակույթ։
Հնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտությունը մարդկային գործունեության ուսումնասիրությունն է նյութական մշակույթի վերականգնման և վերլուծության միջոցով։ Հնագիտական տարեգիրքը բաղկացած է արտեֆակտներից, ճարտարապետությունից, կենսաֆակտերից կամ էկոֆակտերից և մշակութային լանդշաֆտներից։ Հնագիտությունը միաժամանակ կարելի է համարել և հասարակական գիտություն, և հումանիտար գիտություն[11]։ Այն ունի տարբեր նպատակներ, որոնք տարբերակվում են մշակույթի պատմության ըմբռնումից մինչև ժամանակի ընթացքում մարդկային հասարակություններում փոփոխությունների բացատրությունը։
ԱՄՆ-ում հնագիտությունը դիտվում է որպես մարդաբանության բաժին[12], իսկ Եվրոպայում այն դիտվում է որպես ինքնուրույն ոլորտ կամ խմբավորվում է այլ հարակից ոլորտների հետ, ինչպիսին է, օրինակ, պատմությունը։
Անտիկագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկագիտությունն արևմտյան ակադեմիական ավանդույթում վերաբերում է դասական հնության մշակույթների, մասնավորապես հին հունական և լատինական, ինչպես նաև հին հռոմեական մշակույթների ուսումնասիրությանը։ Անտիկագիտության ուսումնասիրությունը համարվում է հումանիտար գիտությունների հիմնաքարերից մեկը, սակայն 20-րդ դարում դրա ժողովրդականությունը նվազել է։ Այնուամենայնիվ, դասական գաղափարների ազդեցությունը շատ հումանիտար ոլորտների, օրինակ՝ փիլիսոփայության և գրականության վրա, ուժեղ է մնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունն անցյալի մասին համակարգված հավաքագրված տեղեկությունն է։ Երբ պատմությունն օգտագործվում է որպես ուսումնասիրության ոլորտ, այն վերաբերում է ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկված անձնանց, հասարակությունների, ինստիտուտների և ցանկացած թեմայի վերաբերյալ գրառումների ուսումնասիրությանը և մեկնաբանությանը։
Ավանդաբար պատմության ուսումնասիրությունը համարվել է հումանիտար գիտությունների մի մաս։ Ժամանակակից գիտական համայնքում պատմությունը երբեմն դասակարգվում է որպես հասարակական գիտություն։
Լեզվաբանություն և լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև լեզվի գիտական ուսումնասիրությունը հայտնի է որպես լեզվաբանություն և սովորաբար համարվում է հասարակական գիտություն[13], բնական գիտություն[14] կամ կոգնիտիվ գիտություն[15], լեզուների ուսումնասիրությունը դեռևս կենտրոնական տեղ է զբաղեցնում հումանիտար գիտությունների մեջ։ 20-21-րդ դարերի փիլիսոփայության զգալի մասը նվիրված է եղել լեզվի վերլուծությանը և այն հարցին, թե արդյո՞ք, ինչպես պնդում է Լյուդվիգ Վիտգենշթայնը, մեր փիլիսոփայական թյուրըմբռնումներից շատերը գալիս են բառապաշարից, որը մենք օգտագործում ենք։ Գրականության տեսությունը ուսումնասիրել է լեզվի հռետորական, ասոցիատիվ և կանոնակարգող առանձնահատկությունները։ Պատմական լեզվաբանները սուսումնասիրել են լեզուների զարգացումը ժամանակի ընթացքում։ Գրականությունը, որն ընդգրկում է լեզվի օգտագործման տարբեր տեսակներ, ներառյալ արձակ ձևերը (ինչպիսիք է վեպը), պոեզիան և դրաման, նույնպես գտնվում են ժամանակակից հումանիտար գիտությունների ուսումնական ծրագրի հիմքում։
Իրավունք և քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ օրենքը կանոն է, որը (ի տարբերություն էթիկայի կանոնների) կարող է իրագործվել ինստիտուտների միջոցով[16]։ Իրավունքի ուսումնասիրությունը գծում է հասարակական և հումանիտար գիտությունների միջև սահմանները։ Իրավունքը միշտ չէ, որ իրագործելի է, հատկապես միջազգային հարաբերությունների համատեքստում։ Այն սահմանվել է որպես «կանոնների համակարգ»[17], արդարության հասնելու համար «մեկնաբանող հայեցակարգ»[18] և «իշխանություն»[19]՝ մարդկանց շահերի միջնորդության համար։ Որքան էլ մարդը ցանկանա մտածել իրավունքի մասին, այն միանգամայն կենտրոնական հասարակական ինստիտուտ է։ Օրենքները քաղաքականություն են, քանի որ դրանք ստեղծում են քաղաքական գործիչները։ Օրենքը փիլիսոփայություն է, քանի որ բարոյական և էթիկական համոզմունքներն են ձևավորում դրա գաղափարները։ Եվ իրավունքը տնտեսությունն է, քանի որ պայմանագրի, գործարքի, սեփականության իրավունքի, աշխատանքային իրավունքի, կորպորատիվ իրավունքի և շատ այլ բաների մասին ցանկացած կանոն կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ արտադրողականության կազմակերպման և հարստության բաշխման համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականությունը տերմին է, որը չունի ընդհանուր հասկացություն, բայց տարբեր ձևերով ներառում է բոլոր գրավոր աշխատությունները։ Այն կարող է դասակարգվել որպես գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական, չափածո կամ արձակ։ Գրականությունը կարող է հետագայում բաժանվել հիմնական տեսակների, ինչպիսիք են վեպը, պատմվածքը կամ դրաման։ Ստեղծագործությունները հաճախ դասակարգվում են պատմական ժամանակաշրջանների համաձայն, համապատասխան որոշակի գեղագիտական առանձնահատկությունների և ակնկալիքների (ժանր)։
Փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիլիսոփայական ծագումնաբանությունը սովորաբար ուսումնասիրում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են գոյությունը, գիտելիքը, արդարացումը, ճշմարտությունը, արդարությունը, ճիշտը և սխալը, գեղեցկությունը, միտքը և լեզուն։ Փիլիսոփայությունը տարբերվում է այդ խնդիրների լուծման այլ եղանակներից իր քննադատական և ընդհանուր համակարգային մոտեցմամբ, այլ ոչ թե փորձարկումների (բացառություն է փորձարարական փիլիսոփայությունը)[20]։
Փիլիսոփայությունը նախկինում եղել է բազմակողմանի տերմին, որը ներառում է այն, ինչը հետագայում դարձել է առանձին առարկաներ, ինչպիսին է ֆիզիկան։ (Ինչպես նշել է Իմանուիլ Կանտը, հին հունական փիլիսոփայությունը բաժանված է եղել երեք գիտության՝ ֆիզիկա, էթիկա և տրամաբանություն[21]): Այսօր փիլիսոփայության հիմնական ոլորտներն են տրամաբանությունը, էթիկան, մետաֆիզիկան և իմացաբանությունը։ Սակայն այն շարունակում է ներառել այլ առարկաներ, oրինակ՝ իմաստաբանությունն ունի սերտ կապեր լեզվաբանության և փիլիսոփայության հետ։
20-րդ դարի սկզբից անգլալեզու համալսարաններում փիլիսոփայությունն անջատվել է հումանիտար և ավելի մոտ ֆորմալ գիտություններից՝ դառնալով շատ ավելի վերլուծական։ Վերլուծական փիլիսոփայությունն ի տարբերություն մայրցամաքային փիլիսոփայության, բնութագրվում է մեծ մասամբ տրամաբանության և պատճառաբանության ֆորմալ մեթոդների, հայեցակարգային վերլուծության, խորհրդանշական և/կամ մաթեմատիկական տրամաբանության օգտագործմամբ[22]։
Հետազոտության այս մեթոդը հիմնականում բնորոշ է այնպիսի փիլիսոփաների աշխատանքներին, ինչպիսիք են Գոտլոբ Ֆրեգեն, Բերտրան Ռասելը, Ջորջ Էդուարդ Մուրը, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը և Լյուդվիգ Վիտգենշթայնը։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիլիսոփայության նոր ուղղությունները և կրոններն առաջացել են ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում՝ հիմնականում մ.թ.ա. 6-րդ դարում։ Ժամանակի ընթացքում ողջ աշխարհում առաջացել են մի քանի կրոններ, այդ թվում հինդուիզմը, ջայնիզմը և բուդդայականությունը՝ Հնդկաստանում և զրադաշտականությունը՝ Պարսկաստանում, որը եղել է ամենավաղ ժամանակաշրջանի կրոններից։ Արևելքում՝ Չինաստանում մինչ օրս էլ գերակշռում է հիմնական երեք ուսմունքներ։ Դրանք են դաոսականությունը, լեգալիզմը և կոնֆուցիականությունը։ Գերակշռող կոնֆուցիական ուսմունքը հետևում է ոչ թե օրենքի ուժին, այլ քաղաքական բարոյականության ավանդույթի ուժին և օրինակին։ Արևմուտքում հունական փիլիսոփայական ավանդույթն է, որը ներկայացվել է Պլատոնի և Արիստոտելի աշխատանքներով, այն տարածվել է ողջ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում՝ մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների արդյունքում։
Աբրահամական կրոններն այն կրոններն են, որոնք հետևում են հին ավանդույթների և իրենց առաջնորդին՝ Աբրահամին (մոտավորապես 1900 թվական), նա եղել է հոգևոր առաջնորդ Հին կտակարանում, այնտեղ նա ներկայացվում է որպես մարգարե (Ծննդոց 20:7), Ղուրանում նա նույնպես ներկայացվում է որպես մարգարե։ Այս կրոնները ձևավորում են հիմնականում միաստված կրոնների հետ կապված մեծ խումբ, որոնցից են հուդայականությունը, քրիստոնեությունը և իսլամը և իրենց մեջ ներառում են աշխարհի կրոնական հետևորդների կեսից ավելին։
Կատարողական արվեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարողական արվեստը տարբերվում է կերպարվեստից նրանով, որ առաջինը օգտագործում է նկարչի սեփական մարմինը, դեմքը և ներկայությունը որպես միջոց, իսկ վերջինս օգտագործում է նյութեր, ինչպիսիք են կավը, մետաղը կամ ներկը, որոնք կարող են ձևավորվել կամ փոփոխվել որևէ արվեստի գործ ստեղծելու համար։ Թատերական արվեստը ներառում է ակրոբատիկա, թափառական համերգներ, կատակերգություն, պար, կինոնկար, իլյուզիոնիզմ, երաժշտություն, օպերա, ձեռնածություն, քայլերգերը, նաև փողային նվագախմբերը և թատրոնը։
Այն արտիստները, որոնք ելույթ են ունենում հանդիսատեսի առջև կոչվում են կատարողներ, դրանք են՝ դերասանները, կատակերգուները, պարողները, երաժիշտները և երգիչները։ Կատարողական արվեստին օգնում են նաև հարակից ոլորտներում աշխատողները, ինչպիսիք են երգահանները և բեմադրողները։ Կատարողները հաճախ հարմարեցնում են իրենց արտաքին տեսքը, զգեստների, բեմական դիմահարդարանքի և այլնի հետ։ Կերպարվեստում նույնպես կա մասնագիտացված ոճ, որում նկարիչները կատարում են իրենց գործերը կենդանի հանդիսատեսի առաջ։ Դա կոչվում է փերֆորմանս։ Փերֆորմանսների մեծ մասը նաև ներառում է պլաստիկ արվեստի որոշ տեսակներ, երբեմն օգտագործվում են ռեկվիզիտի ստեղծման համար։ Պարը հաճախ հիշատակվել է որպես պլաստիկ արվեստ՝ ժամանակակից պարարվեստի դարաշրջանում։
Երաժշտագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտագիտությունը որպես ուսումնասիրման առարկա ունի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ պատմական երաժշտագիտությունը, երաժշտական գրականությունը, ազգային երաժշտագիտությունը և երաժշտության տեսությունը։ Երաժշտական ֆակուլտետնի բակալավրիատիում դասընթացներ են լինում այս բոլոր ուղղություններով, իսկ ասպիրանտուրայում կոնկրետ ուղղության վրա։ Ազատ արվեստներում երաժշտագիտությունն օգտագործվում է երաժիշտների հմտությունները ընդլայնելու համար՝ սովորեցնելով այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կենտրոնացումը և լսելը։
Պար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարն ընդհանուր առմամբ վերաբերում է մարդկային շարժմանը և օգտագործվում է որպես սոցիալական, հոգևոր կամ կատարողական միջավայրում արտահայտման ձև։ Պարը օգտագործվում է նաև մարդկանց կամ կենդանիների միջև որպես ոչ-բանավոր հաղորդակցության մեթոդ և նույնիսկ անշարժ առարկաներում (տերևները պարում են քամու մեջ)։ Պարարվեստը պարեր ստեղծելու արվեստն է, իսկ պարերը սովորեցնողը կոչվում է պարուսույց։
Պարերի ստեղծումը կախված է սոցիալական, մշակութային, գեղագիտական, գեղարվեստական և բարոյական սահմանափակումներից և կախված է՝ ֆունկցիոնալ շարժումից (օրինակ՝ ժողովրդական պար) մինչև կոդավորված, վիրտուոզ տեխնիկա, ինչի օրինակներից է բալետը։
Տերմինի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Humanities» (անգլ. թարգմանաբար՝ «Հումանիտար գիտություններ») բառն առաջացել է Վերածննդի դարաշրջանի լատիներեն «studia humanitatis» կամ «study of humanitas» (հայերեն՝ մարդասիրության ուսումնասիրություն) արտահայտություններից։ 15-րդ դարի սկզբին «studia humanitatis»-ը ուսումնասիրությունների դասընթաց էր, որը բաղկացած էր քերականությունից, պոեզիայից, հռետորությունից, պատմությունից և բարոյական փիլիսոփայությունից[23]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմուտքում հումանիտար գիտությունների ուսումնասիրությանը որպես քաղաքացիների համար լայն կրթության հիմք, կարելի է հետևել մինչև Հին Հունաստանի դարաշրջանը[24]։ Հռոմեական կայսրության օրոք յոթ ազատ արվեստների հայեցակարգը զարգացել է, ներառյալ՝ քերականությունը, հռետորաբանությունը և տրամաբանությունը, թվաբանության, երկրաչափության, աստղագիտության և երաժշտության հետ միասին (քվադրիվիում)[25]։ Այդ առարկաները կազմել են միջնադարյան կրթության հիմնական մասը։
Լուրջ տեղաշարժ է տեղի ունեցել 15-րդ դարի Վերածննդի շրջանի հումանիզմի հետ, երբ հումանիտար գիտությունները սկսել են դիտարկվել որպես ուսումնասիրման համար առարկաներ, այլ ոչ թե պրակտիկայի։ 20-րդ դարում այդ տեսակետն իր հերթին վիճարկվել է պոստմոդեռնիստական շարժման կողմից, որը ձգտում էր մարդասիրական գիտությունները վերաիմաստավորել ավելի էգալիտար տերմիններով, որոնք հարմար են ժողովրդավարական հասարակության համար, քանի որ հունական և հռոմեական հասարակությունները, որոնցում առաջացել են հումանիտար գիտությունները, ամենևին էլ ժողովրդավարական չէին[26]։ Դա համապատասխանում էր պոստմոդեռնիստների նուրբ հայացքին, համաձայն որին նրանք պատմության գագաթնակետն են։
Այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնամյակներ շարունակ հասարակության մեջ աճել է այն կարծիքը, որ հումանիտար կրթությունը ոչ ադեկվատ է պատրաստում շրջանավարտներին աշխատանք ստանալու համար[27]։ Ընդունված կարծիքն այն է, որ նման ծրագրերի շրջանավարտները բախվում են չափազանց ցածր եկամուտների հետ, և այդ պատճառով հումանիտար կրթությունը արժանի չէ նման ներդրումների[28]։
Փաստացիորեն հումանիտար մասնագիտությունների շրջանավարտներն աշխատանք են գտնում ինչպես կառավարման, այդպես էլ ամենատարբեր մասնագիտություններում։ Մեծ Բրիտանիայում օրինակ՝ հումանիտար մասնագիտություններն ընտրած ավելի քան 11,000 ուսանող աշխատանք է գտել հետևյալ մասնագիտությունների գծով․
- Կրթություն (25.8%)
- Կառավարում (19.8%)
- Մեդիա/Գրականություն/Արվեստներ (11.4%)
- Իրավունք (11.3%)
- Ֆինանսներ (10.4%)
- Քաղաքացիական ծառայություն (5.8%)
- Ոչ-շահույթի-համար (5.2%)
- Մարքեթինգ (2.3%)
- Բժշկություն (1.7%)
- Այլ (6.4%)[29]
Հումանիտար ֆակուլտետների շատ շրջանավարտներ ավարտում են համալսարանն առանց կարիերայի վերաբերյալ նպատակների[30][31]։ Հետևաբար, ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո շատերը ծախսում են իրենց առաջին մի քանի տարիները, որոշելով, թե ինչով զբաղվել, ինչը հանգեցնում է իրենց կարիերայի սկզբնական եկամուտների նվազմանը. միևնույն ժամանակ, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շրջանավարտներն ավելի արագ են մուտք գործում աշխատաշուկա։ Սակայն որպես կանոն, հումանիտար մասնագիտություններն ընտրած ուսանողները համալսարանն ավարտելուց հինգ տարի անց գտնում են այն աշխատանքը, որը նախընտրում են[32][33]։
Կան էմպիրիկ տվյալներ, որ հումանիտար ծրագրերի շրջանավարտներն ավելի քիչ են վաստակում, քան այլ համալսարանական ծրագրերի շրջանավարտները[34][35][36]։ Այնուամենայնիվ,այդ էմպիրիկ տվյալները նաև ցույց են տալիս, որ հումանիտար մասնագիտությունների շրջանավարտները շարունակում են զգալիորեն ավելի բարձր եկամուտներ ստանալ, քան առանց բարձրագույն կրթության աշխատողները և ունեն աշխատանքի բավարարվածության մակարդակ, որը համեմատելի է այլ ոլորտներում իրենց գործընկերների հետ[37]։ Բաացի այդ՝ հումանիտար մասնագիտությունների շրջանավարտները ավելի շատ են սկսում վաստակել իրենց կարիերայի զարգացմանը զուգընթաց։ Բուհն ավարտելուց տասը տարի անց հումանիտար մասնագիտությունների շրջանավարտների և այլ համալսարանական ծրագրերի շրջանավարտների միջև եկամուտների տարբերությունն այլևս վիճակագրական նշանակություն չի ունենում[30]։ Հումանիտար մասնագիտությունների շրջանավարտները կարող են ավելի բարձր եկամուտներ ստանալ, եթե նրանք նաև բարձրագույն կամ մասնագիտական աստիճան ստանան[38][39]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումանիտար ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումանիտար գիտությունների ցուցանիշները (անգլ.՝ Humanities Indicators), որոնք հրապարակվել են 2009 թվականին Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի կողմից, ներկայացնում են ԱՄՆ-ում հումանիտար գիտությունների վերաբերյալ տվյալների առաջին բազմակողմանի հավաքածուն՝ գիտնականներին, քաղաքական գործիչներին և հանրությանը տրամադրելով հումանիտար կրթության մասին մանրամասն տեղեկություններ՝ սկսած նախնական կրթությունից մինչև բարձրագույնը, ինչպես նաև տեղեկություններ հումանիտար հետազոտությունների ֆինանսավորման և հանրային հումանիտար գործունեության մասին[40][41]։ Ազգային գիտական խորհրդի գիտության և տեխնոլոգիայի ցուցանիշների օրինակով ձևավորված հումանիտար գիտությունների ցուցանիշները հուսալի ուղենիշների աղբյուր են ԱՄՆ-ում հումանիտար գիտությունների վիճակի վերլուծության համար։
Եթե «STEM-ի ճգնաժամն առասպել է», ապա հումանիտար գիտությունների «ճգնաժամի» մասին պնդումները նույնպես մոլորության մեջ են գցում և անտեսում են հումանիտար ցուցանիշների տվյալները[42][43][44]։
Հումանիտար գիտություններն ամերիկացիների կյանքում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ԱՄՆ-ի հումանիտար գիտությունների գծով Ռոքֆելերի հանձնաժողովն իր «Հումանիտար գիտություններն ամերիկյան կյանքում» զրույցում նկարագրել է հումանիտար գիտությունները.
Հումանիտար գիտությունների միջոցով մենք մտածում ենք հիմնարար հարցի շուրջ, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Հումանիտար գիտությունն առաջարկում է խորհուրդներ, բայց երբեք չի տալիս ամբողջական պատասխան։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ փորձել ստեղծել բարոյական, հոգևոր և մտավոր իմաստներ աշխարհում, որտեղ առկա է իռացիոնալություն, հուսահատություն, մենակություն և մահ, ինչպես նաև նկատելի է ծնունդը, բարեկամությունը, հույսը և միտքը։
Որպես հիմնական
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին 22-ամյա ամերիկացիների ավելի քան 1%-ը ստացել է հումանիտար աստիճան (որը սահմանվում է որպես անգլերենի, լեզվի, պատմության, փիլիսոփայության աստիճան)։ 2010 թվականին այդ ցուցանիշը կրկնապատկվել է և կազմել է շուրջ 2.5%[45]: Մասամբ դա բացատրվում է բարձրագույն կրթություն ունեցող ամերիկացիների թվի ընդհանուր աճով (1940 թվականին 4.6%-ն ունեցել է քառամյա աստիճան, իսկ 2016 թվականին՝ 33.4%-ը)[46]։ 1954 թվականին Հարվարդի ուսանողների 36%-ը մասնագիտացել է հումանիտար գիտությունների բնագավառում, սակայն 2012 թվականին միայն 20%-ն է անցել այդ դասընթացը[47]։ Հյուսիսարևելյան համալսարանի պրոֆեսոր Բենջամին Շմիդթը փաստագրել է, որ 1990-2008 թվականների ընթացքում անգլերենի, պատմության, օտար լեզուների և փիլիսոփայության դիպլոմների քանակը կրճատվել է 8%-ից մինչև ամերիկյան քոլեջների դիպլոմների ընդհանուր թվի 5%-ը[48]։
Կրթություն ազատ արվեստների ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումանիտար և սոցիալական գիտությունների հանձնաժողովի 2013 թվականի «Հարցի էությունը» զեկույցը պաշտպանում է լայն «ազատ արվեստների ոլորտում կրթություն» հասկացությունը, որը ներառում է բնագիտական գիտությունների և արվեստի, ինչպես նաև հումանիտար առարկաների ուսումնասիրությունը[49][50]։
Շատ քոլեջներ տրամադրում են նման կրթություն։ Չիկագոյի և Կոլումբիայի համալսարանները եղել են առաջին կրթական հաստատությունները, որտեղ պահանջվում էր փիլիսոփայության, գրականության և արվեստի լայնածավալ հիմնական ուսումնական ծրագիր բոլոր ուսանողների համար[51]։
STEM
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի քաղաքական գործիչները ներկայումս աջակցում են STEM ոլորտների՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությանը[52]։ Դաշնային ֆինանսավորումն իրենից ներկայացնում է ֆինանսավորման շատ ավելի փոքր մասնաբաժին հումանիտար ոլորտներում, քան, օրինակ, STEM կամ բժշկության ոլորտներում[53]։ Դրա արդյունքը որակի նվազումն է ինչպես քոլեջների, այնպես էլ հումանիտար նախաքոլեջային կրթության ոլորտում[53]։
Նախկինում չորս անգամ Լուիզիանայի նահանգապետ դարձած Էդվին Էդվարդսը վերջերս խոսել է հումանիտար ոլորտի կարևորության մասին։ Ակադեմիական՝ «Հեղափոխությունները տասնութերորդ դարի հաղորդասիրության մեջ» գիտաժողովին[54] հղված տեսաուղերձում[55] Էդվարդսն ասել է.
- Առանց հումանիտար գիտությունների, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչպես է պատմությունը տեխնոլոգիաների և գիտության ոլորտում հոմոսափիենս տեսակի բարելավման հարցում ձախողվել կամ հաջողության հասել, առանց հումանիտար առարկաների, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչպես բանավեճեր սկսել և ինչպես ճիշտ քննարկել տեխնոլոգիաների ծախսերը և դրանց օգտագործման ձևերը, առանց հումանիտար առարկաների, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչպես անվնաս վիճել այն մասին, թե ինչպես ստեղծել ավելի արդար հասարակություն մեր գործընկերների՝ տղամարդկանց և կանանց հետ, տեխնոլոգիաներին ու գիտությանը վերջնական հաշվում կիշխեն և դրանցով կչարաշահեն մեզնից ամենաազդեցիկները, ամենահզորները և ամենավախենալիները[56]։
Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումանիտար գիտությունների շուրջ բանավեճերի նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատական համալսարանական ուսումնասիրությունների ոլորտում ժամանակակից բանավեճերը կենտրոնացված են հումանիտար գիտությունների արժեքազրկման վրա[57][58]։ Ինչպես և Ամերիկայում, Եվրոպայում ևս բարձրագույն կրթության քաղաքականության շրջանակներում հետաքրության նկատելի նվազում է դիտվում այն հետազոտությունների նկատմամբ, որոնք որակական են և ապրանքային արտադրանք չեն թողարկում։ Այս սպառնալիքը կարող է դրսևորվել տարբեր ձևերով ամբողջ Եվրոպայում, բայց մեծ քննադատական ուշադրություն է դարձվում, մասնավորապես, գիտական հետազոտությունների գնահատման ոլորտին։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան (Research Excellence Framework) քննադատության է ենթարկվել՝ հումանիտար և, հատկապես, հասարակական գիտություններին տված իր գնահատման չափանիշների պատճառով[59]։ Մասնավորապես «ազդեցության» հասկացությունը զգալի քննարկումների տեղիք է տվել[60]։
Փիլիսոփայական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիություն կամ ինքնառեֆլեքսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջից հումանիտար գիտությունների համար գլխավոր արդարացումը եղել է այն, որ դրանք օգնում և խրախուսում են ինքնառեֆլեքսիան, որն իր հերթին օգնում է զարգացնել անձնական գիտակցությունը կամ քաղաքացիական պարտքի ակտիվ զգացումը։
20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի գիտնականները տարածել են «պատմողական երևակայությունը»[61] սեփական սոցիալական և մշակութային համատեքստից դուրս ապրած փորձի գրառումները հասկանալու ունակության վրա։ Պնդվում Է, որ այս պատմողական երևակայության շնորհիվ հումանիտար գիտնականները և ուսանողները զարգացնում են խիղճը, որն ավելի է հարմար է այն բազմամշակութային աշխարհի համար, որտեղ մենք ապրում ենք[62]։ Այս խիղճը կարող է ընդունել պասիվ ձև, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ ինքնառեֆլեքսիա կատարել[63] կամ անցնել առավել ակտիվ էմպաթիայի, որը հեշտացնում է քաղաքացիական պարտականությունների կատարումը, որով պետք է զբաղվի աշխարհի պատասխանատու քաղաքացին[62]։
Այնուամենայնիվ, կան տարաձայնություններ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ հումանիտար գիտությունները մարդու վրա և, թե արդյո՞ք հումանիստիկ ձեռնարկության շրջանակներում ձեռք բերված ըմբռնումը կարող է երաշխավորել «մարդկանց վրա որոշակի դրական ազդեցությունը»[64]։
Հումանիստական տեսություններ և պրակտիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն գիտելիքի երեք հիմնական ճյուղեր՝ բնական գիտություններ, հասարակական գիտություններ և հումանիտար գիտություններ։ Տեխնոլոգիան բնական գիտությունների գործնական շարունակությունն է, ճիշտ այնպես, ինչպես քաղաքականությունը հասարակական գիտությունների շարունակությունն է։ Նույն կերպ հումանիտար գիտություններն ունեն իրենց սեփական գործնական շարունակությունը, որը երբեմն կոչվում է «տրանսֆորմատիվ հումանիտար գիտություններ» (տրանսհումանիտար գիտություններ[65]) կամ «մշակութաբանություն» (Միխայիլ Էփշտեյնի տերմին)[66]․
- Բնություն - բնական գիտություններ - տեխնոլոգիա - բնության փոխակերպում
- Հասարակություն - հասարակական գիտություններ - քաղաքականություն - հասարակության փոխակերպում[65]
- Մշակույթ - մարդկային գիտություններ - մշակութաբանություն - մշակույթի փոխակերպում[67]
Տեխնոլոգիան, քաղաքականությունը և մշակութաբանությունը կոչված են վերափոխել այն, ինչ ուսումնասիրում են իրենց համապատասխանող առարկաները՝ բնությունը, հասարակությունը և մշակույթը։ Տրանսֆորմատիվ հումանիտար գիտությունների շրջանը ներառում է մի շարք պրակտիկաներ և տեխնոլոգիաներ, ինչպիսիք են լեզվական պլանավորումը, նոր լեզուների նախագծումը, ինչպիսին է, օրինակ, էսպերանտոն, նոր գեղարվեստական և գրական շարժումների ստեղծումն այնպիսի ժանրերում, ինչպիսիք են ռոմանտիզմը, սիմվոլիզմը և սյուրռեալիզմը։ Մշակույթի ոլորտում հումանիստիկ գյուտը, որպես գիտությունը լրացնող պրակտիկա, հումանիտար գիտությունների կարևոր ասպեկտ է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oxford English Dictionary 3rd Edition.
- ↑ НАТАЛИЯ ИВАНОВНА БАСОВСКАЯ: ШТРИХИ К ПОРТРЕТУ УЧЕНОГО И ПЕДАГОГА Արխիվացված 2014-10-24 Wayback Machine, НОВЫЙ ИСТОРИЧЕСКИЙ ВЕСТНИК 2001 № 2(4)
- ↑ 3,0 3,1 "Humanity" 2.b, Oxford English Dictionary 3rd Ed. (2003)
- ↑ Stanford University, Stanford University. «What are the Humanities». Stanford Humanities Center. Stanford University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Интеллигент или поэт, гуманитарий или проповедник? С. С. Аверинцев в своем времени — Михаил Гефтер, 29.04.2015
- ↑ "Humanist" Oxford English Dictionary. Oed.com
- ↑ Wallace and Gach (2008) p.28
- ↑ Burkhart, Louise M. (2003). «Bernardino de Sahagun: First Anthropologist (review)». The Catholic Historical Review. 89 (2): 351–352. doi:10.1353/cat.2003.0100.
- ↑ Wallerstein, I. (2003). «Anthropology, Sociology, and Other Dubious Disciplines» (PDF). Current Anthropology. 44 (4): 453–465. doi:10.1086/375868.
- ↑ Lowie, Robert (1924). Primitive Religion. Routledge and Sons.; Tylor, Edward (1920). Primitive Culture. New York: J. P. Putnam's Sons. Originally published 1871.
- ↑ Sinclair, Anthony (2016). «The Intellectual Base of Archaeological Research 2004-2013: a visualisation and analysis of its disciplinary links, networks of authors and conceptual language». Internet Archaeology (42). doi:10.11141/ia.42.8.
- ↑ Haviland, William A.; Prins, Harald E. L.; McBride, Bunny; Walrath, Dana (2010), Cultural Anthropology: The Human Challenge (13th ed.), Cengage Learning, ISBN 978-0-495-81082-7
- ↑ «Social Science Majors, University of Saskatchewan». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Boeckx, Cedric. «Language as a Natural Object; Linguistics as a Natural Science» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Thagard, Paul, Cognitive Science, The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2008 Edition), Edward N. Zalta (ed.).
- ↑ Robertson, Geoffrey (2006). Crimes Against Humanity. Penguin. էջ 90. ISBN 978-0-14-102463-9.
- ↑ Hart, H. L. A. (1961). The Concept of Law. Oxford University Press. ISBN 0-19-876122-8.
- ↑ Dworkin, Ronald (1986). Law's Empire. Harvard University Press. ISBN 0-674-51836-5.
- ↑ Raz, Joseph (1979). The Authority of Law. Oxford University Press. ISBN 0-19-956268-7.
- ↑ Thomas Nagel (1987). What Does It All Mean? A Very Short Introduction to Philosophy. Oxford University Press, pp. 4–5.
- ↑ Kant, Immanuel (1785). Groundwork of the Metaphysic of Morals, the first line.
- ↑ See, e.g., Brian Leiter [1] "'Analytic' philosophy today names a style of doing philosophy, not a philosophical program or a set of substantive views. Analytic philosophers, crudely speaking, aim for argumentative clarity and precision; draw freely on the tools of logic; and often identify, professionally and intellectually, more closely with the sciences and mathematics than with the humanities."
- ↑ "humanism." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2012. Web. 11 Apr. 2012. [2]
- ↑ Bod, Rens; A New History of the Humanities, Oxford University Press, Oxford, 2014.
- ↑ Levi, Albert W.; The Humanities Today, Indiana University Press, Bloomington, 1970.
- ↑ Walling, Donovan R.; Under Construction: The Role of the Arts and Humanities in Postmodern Schooling Phi Delta Kappa Educational Foundation, Bloomington, Indiana, 1997. Humanities comes from human
- ↑ Hersh, Richard H. (1997 թ․ մարտի 1). «Intention and Perceptions A National Survey of Public Attitudes Toward Liberal Arts Education». Change: The Magazine of Higher Learning. 29 (2): 16–23. doi:10.1080/00091389709603100. ISSN 0009-1383.
- ↑ Williams, Mary Elizabeth. «Hooray for "worthless" education!». Salon. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Kreager, Philip. «Humanities graduates and the British economy: The hidden impact» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 30,0 30,1 Adamuti-Trache, Maria; և այլք: (2006). «The Labour Market Value of Liberal Arts and Applied Education Programs: Evidence from British Columbia». Canadian Journal of Higher Education. 36: 49–74.
- ↑ Thought Vlogger (2018 թ․ օգոստոսի 6), What can you do with a humanities degree?, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին
- ↑ Koc, Edwin W (2010). «The Liberal Arts Graduate College Hiring Market». National Association of Colleges and Employers: 14–21.
- ↑ «Ten Years After College: Comparing the Employment Experiences of 1992–93 Bachelor's Degree Recipients With Academic and Career Oriented Majors» (PDF).
- ↑ «The Cumulative Earnings of Postsecondary Graduates Over 20 Years: Results by Field of Study».
- ↑ «Earnings of Humanities Majors with a Terminal Bachelor's Degree».
- ↑ «Career earnings by college major».
- ↑ The State of the Humanities 2018: Graduates in the Workforce & Beyond. Cambridge, Massachusetts: American Academy of Arts and Sciences. 2018. էջեր 5–6, 12, 19.
- ↑ «Boost in Median Annual Earnings Associated with Obtaining an Advanced Degree, by Gender and Field of Undergraduate Degree».
- ↑ «Earnings of Humanities Majors with an Advanced Degree».
- ↑ «American Academy of Arts & Sciences». Amacad.org. 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Humanities Indicators». Humanities Indicators. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Charette, Robert N. (2013 թ․ օգոստոսի 30). «The STEM Crisis Is a Myth – IEEE Spectrum». Spectrum.ieee.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Humanities Scholars See Declining Prestige, Not a Lack of Interest
- ↑ Debating the State of the Humanities
- ↑ Schmidt, Ben. «A Crisis in the Humanities? (10 June 2013)». The Chronicle. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Wilson, Reid (2017 թ․ մարտի 4). «Census: More Americans have college degrees than ever before». The Hill. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Schuessler, Jennifer (2013 թ․ հունիսի 18). «Humanities Committee Sounds an Alarm». New York Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Smith, Noah (2018 թ․ օգոստոսի 14). «The Great Recession Never Ended for College Humanities». Bloomberg.
- ↑ Humanities, social sciences critical to our future
- ↑ Colbert Report: The humanities do pay
- ↑ Louis Menand, "The Problem of General Education," in The Marketplace of Ideas (W. W. Norton, 2010), especially pp. 32–43.
- ↑ «Whitehouse.gov». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 53,0 53,1 America Is Raising A Generation Of Kids Who Can't Think Or Write Clearly, Business Insider
- ↑ «Scedhs2014.uqam.ca». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ YouTube
- ↑ Academia.edu
- ↑ Stefan Collini, "What Are Universities For?" (Penguin 2012)
- ↑ Helen Small, "The Value of the Humanities"(Oxford University Press 2013)
- ↑ Ochsner, Michael; Hug, Sven; Galleron, Ioana (2017). «The future of research assessment in the humanities: Bottom-up assessment procedures». Palgrave Communications. 3. doi:10.1057/palcomms.2017.20.
- ↑ Bulaitis, Zoe (2017 թ․ հոկտեմբերի 31). «Measuring impact in the humanities: Learning from accountability and economics in a contemporary history of cultural value». Palgrave Communications. 3 (1). doi:10.1057/s41599-017-0002-7.
- ↑ von Wright, Moira. "Narrative imagination and taking the perspective of others," Studies in Philosophy and Education 21, 4–5 (July, 2002), 407–416.
- ↑ 62,0 62,1 Nussbaum, Martha. Cultivating Humanity.
- ↑ Harpham, Geoffrey (2005). «Beneath and Beyond the Crisis of the Humanities». New Literary History. 36: 21–36. doi:10.1353/nlh.2005.0022.
- ↑ Harpham, 31.
- ↑ 65,0 65,1 См. Михаил Эпштейн. Знак_пробела. О будущем гуманитарных наук (М.: НЛО, 2004); Mikhail Epstein. The Transformative Humanities: A Manifesto (New York; London: Bloomsbury Academic, 2012); Михаил Эпштейн. Проективный словарь гуманитарных наук. (М.: Новое литературное обозрение, 2017)
- ↑ Михаил Наумович Эпштейн: От знания — к творчеству. Как гуманитарные науки могут изменять мир, М. — СПб.: Центр гуманитарных инициатив, 2016, сс. 15-16
- ↑ Mikhail Epstein. The Transformative Humanities: A Manifesto. New York and London: Bloomsbury Academic, 2012, p.12
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հումանիտար և սոցիալական գիտությունների ընդհանրությունների բացահայտման Ճապոնիայի ինստիտուտի կայք
- Արվեստի և գիտությունների Ամերիկյան ակադեմիայի կայքը
- Հումանիտար գիտությունների ցուցիչների կայքը
- Ազգային հոմանիտար գիտությունների կենտրոնի կայք
- Հումանիտար գիտությունների ասոցիացիայի կայք
- Հումանիտար գիտությունների ազգային միության կայք
- Հումանիտար գիտություններին նվիրատվության կատարման կայք
- Հումանիտար գիտությունների Ավստրալիայի ազգային ակադեմիա
- Հումանիտար գիտությունների ազգային ակադեմիայի կայք
- Հումանիտար և սոցիալական գիտությունների ընդհանրությունների բացահայտման ամերիկյան ինստիտուտի կայք Արխիվացված 2017-05-04 Wayback Machine
- Ջերեմի Էնթլիի «Խաղերը և պատմական պատմվածքները» գիրքը՝ հումանիտար գիտությունների թվային ցուցահանդեսում
- Հումանիտար գիտությունների մասին ֆիլմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հումանիտար գիտություններ» հոդվածին։ |
|